խորհուրդ Ապագային
Ու թե բախտդ բերի իմանաս, թե որն է քո բախտը, այնժամ միայն կհասկանաս, որ ոչ մի բախտ էլ չկա, այլ արածդ կամ չարածդ սրտիդ ու խելքիդ որոշման արդյունքն է միայն. ոնց էլ անես, միևնույն է, մի քանի ժամ հետո կամ կյանքիդ վերջում զղջալու պատճառներ ունենալու ես:
Միայն թե բախտդ բերի ու զղջալու ժամանակ ունենաս...
Բայց ոչ լոկ խոսքերով, ընկճված, հուզականության ազդեցության տակ բառերի կույտով արտահայտած զղջում, որտեղ միշտ ենթակա ու մեծատառով ասվում է՝«Ների՜ր» և փորձ արվում փրկել իրավիճակը, խաբել:
Բայց արի ու տես, որ ստի բախտը երբեմն բերում է...
Կուլ տուր, թուքդ կուլ տուր ու ինքդ քեզ հայհոյիր երևակայությանդ մեջ ծնված ամենաանտրամաբանական խոսքերով, և միայն այն պատճառով, որ խաբվել ես...
Եթե բախտդ բերի, կհասկանաս, որ մեկ-մեկ ժամանակն էլ է հարբում և խառնում անցյալն ու ապագան, որի արանքում էլ քնում է ներկան:
Քնել եմ ուզում: Չձանձրացնող, երազաշատ, հարատևության մեջ թափառող քուն եմ ուզում. երազներս եմ հետ ուզում, անհեթեթ երազանքներս ու առողջ երևակայությունս…